28 Օգոստոս 2013, 12:57
71 |

Ա՛ջ քաշի

Կա կարծիք, ըստ որի՝ ինչպիսի վարորդ ես, նույնպիսի մարդ ես: Եթե առաջնորդվենք այս սկբունքով, ինչ ասես կարելի է մտածել երևանցիների մասին: Չնայած երևանյան երթևեկությունից տպավորվելու համար երբեմն հերթը վարորդի քշելուն չի էլ հասնում. մեքենայի մակնիշը, համարանիշները, ճաշակով թյունինգը, կայանած դիրքն ու վայրն արդեն իրենցն ասում են: Այս ամենը, իհարկե, առաջ է բերում մի շարք խնդիրներ, չէ՞ որ մայրաքաղաքն իր այսօրվա տեսքը ստանալիս, չի նախատեսվել նման քանակությամբ մեքենաների համար:

Ինչպես հայտնի է «յուրաքանչյուր տղամարդ պետք է տուն կառուցի, որդի ունենա ու ծառ տնկի»: Պապենական հայտնի ասացվածքը ժամանակակից Երևանում, ի թիվս այլ հնությունների, փոքր-ինչ ձևափոխվել է. վերջին կետի փոխարեն ավելի տրամաբանական է ավտոմեքենայով շրջելը: Չէ՞ որ մեքենան, այն էլ՝ լավ մեքենան, այն էլ՝ լավ համարներով հա՛մ հարմար է, հա՛մ էլ, ինչպես ասում են՝ «պրիստիժի» հարց է: Էլ ինչ երևանցի, որ բակի պուլպուլակից «շլանգ» չմիացնի ու մեքենա չլվանա, երկաթյա նժույգի ապակիները մգացնելու չտանի, մեքենայով երեկոյան մի քանի պտույտ չանի կենտրոնի ամենաբանուկ փողոցներով: Չենք մոռանում, իհարկե, նաև թաղով զբոսանքները՝ մեքենայի բոլոր լուսամուտներն իջեցրած ու երաժշության ձայնը մինչև վերջ (կամ պարզապես ահագին) բարձրացրած:
Դժվար է կռահել օրական քանի ավտոմեքենա է դուրս գալիս փողոց, բայց օրվա հենց առաջին կեսին խցանման մեջ նստած կարելի է ենթադրել, որ դրանք շատ ավելին են, քան մայրաքաղաքի բազմաթիվ փողոցների տարողունակությունը: Ասում են` Թամանյանը Երևանը չէր նախագծել նման քանակության ավտոմեքենաների համար:

Երևանը Մոսկվա չի
Ամռան ամիսները թերևս տարվա այն ժամանակահատվածն են, երբ Երևանի բանուկ փողոցներն էլ փորձում են մի փոքր շունչ քաշել: Սակայն այս տարի, ի տարբերություն նախորդների, անգամ ամռան ամիսներին մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունն այդպես էլ չթեթևացավ: Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը դա կապում է ամենուր իրականացվող ասֆալտապատման աշխատանքների և, իհարկե, տարեցտարի ավելացող մեքենաների քանակի հետ: Դժվար է ասել, որոնք են մայրաքաղաքի ամենածանրաբեռնված փողոցները: Այդ շարքում կարելի է ներառել կենտրոնի բոլոր փողոցները: Ըստ Արսեն Արշակյանի`այսօր մեքենաների կուտակումներ լինում են անգամ այն փողոցներում, որտեղ նախկինում նման խնդիր չի եղել՝ Մաշտոց, Կորյուն, Աբովյան, Սայաթ-Նովա: Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստան ներմուծվել և հաշվառվել է 14 475 տրանսպորտային միջոց: Իսկ դրանց մեծ մասը, սովորաբար, մնում է հենց Երևանում: Արսեն Արշակյանը վստահ է, որ մենք այլևս չենք կարող ունենալ 10-15 տարի առաջվա հանգիստ դատարկ փողոցներով երթևեկությունը: Նախ` քանի որ ի տարբերություն նախորդ տարիների, հիմա յուրաքանչյուր 4 հոգանոց ընտանիքում կա միջինում երկու ավտոմեքենա, բացի այդ շատացել են վարորդները՝ այսօր ամեն երրորդ ղեկին կին վարորդ է: Երևանցիները պարզապես պետք է համակերպվեն, որ քաղաքը զարգանում է, ու զարգանում են նաև նրա փողոցները: Դեռ պետք է գոհ լինենք, որ հեռու ենք Մոսկվա դառնալուց, որտեղ խցանման մեջ կարելի է քնել, արթնանալ, սնվել և այլն: «Ժամանակն է, որ ոչ թե տրտնջանք, որ ուշացանք մեքենաների կուտակման պատճառով, այլ մի փոքր շուտ դուրս գանք՝ ժամանակին հասնելու համար: Մենք պարզապես դրան սովոր չենք», — ասում է մայրաքաղաքի ավտոերթևեկության պատասխանատուն:
Վերջերս ճանապարհային ոստիկանության առաջարկով ուսումնական հաստատություններում դասերի սկիզբը հայտարարվեց 8:30-ը, ինչը` ըստ Արսեն Արշակյանի նպաստեց, որպեսզի առավոտյան խցանումները նվազեն: Հաջորդ ամենածանրաբեռնված ժամը 13:00-ից 14:00-ն ընկած հատվածն է: Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները անձամբ են դուրս գալիս կուտակված մեքենաների դեմ ու փորձում իրավիճակը շտկել: Խաչմերուկներում հսկողություն իրակացվում է նաև երեկոյան 17:30 մինչև մոտ 20:30: «Արդեն քնած ժամանակ էլ գիտեմ, որ փողոցում ու խաչմերուկում երթևեկությունը կարող է ծանրանալ», — կատակում է Արշակյանն ու հորդորում վարորդներին, որ պետք չէ նյարդայնանալ, պարզապես պետք է տարբերել դանդաղ երթևեկությունը խցանումից:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ առհասարակ չի պատկերացնում ուր է հասնելու Երևանը մեքենաների նման արագ աճով: «Մեր քաղաքը Մոսկվա չի, որ մի խաչմերուկից մյուսը 2 կիլոմետր լինի: Խաչմերուկներն իրար մոտ են, ու լույսի տակ կանգնելով անընդհատ կուտակումներ են առաջանում», — ասում է նա: Հովհաննիսյանի խոսքով` հուսադրող կլիներ, եթե ունենայինք ճանապարհային երթևեկության կազմակերպման հատուկ մարմին, որը կպլանավորեր առաջիկա 10 տարվա ընթացքում մայրաքաղաքի ճանապարհների նախագծերը, բոլոր համապատասխան ճանապարհային նշաններով:

Մի´ քննադատիր
Երևանցի վարորդներն ասում են, որ եթե մեր քաղաքում կարողանում ես վարել, ուրեմն կվարես աշխարհի ցանկացած այլ վայրում, ցանկացած պայմաններում ու անելանելի իրավիճակներում: «Մինչև Երևանում յուրաքանչյուր վարորդ չդադարի քննադատել մյուսին, այլ սկսի իրենից, չենք ունենա նորմալ երթևեկություն: Մենք կարիք ունենք բարձրացնելու երթևեկության մշակույթը մեր վարորդների շրջանում, եթե ցանկանում ենք ունենալ կանոնակարգված երթևեկություն», — համոզված է Արսեն Արշակյանը: էդուարդ Հովհաննիսյանն ավելի խիստ գնահատականներ է տալիս՝ իրենց էքստրեմալությամբ հայտնի երևանյան փողոցների երթևեկության վիճակը հինգ բալանոց համակարգով գնահատում է երեք ու ավելացնում, որ պատճառը թե´ վարորդների, թե´ ոլորտի պատասխանատուների բացթողումներն են: Երթևեկությունը քաղաքից առաջին տպավորությունն է, հյուրը օդանավակայանից դուրս է գալիս, մինչև կենտրոն է հասնում, արդեն պարզ է` երթևեկության ինչ վիճակ է տվյալ քաղաքում: Ղեկին ծխելը, լուսամուտից աղբ նետելը, ամրագոտին չկապելը վարորդների շրջանում հայտնի են որպես մանր-մունր խախտումներ: Մինչդեռ Արսեն Արշակյանի գնահատմամբ՝ խախտումների մեջ բաժանում չկա՝ փոքր կամ մեծ: Յուրաքանչյուր խախտում ենթադրում է ռիսկ ու վտանգ և կարող է տխուր հետանքներ ունենալ: «Այսքան տարիների ընթացքում չի եղել մի անգամ, որ մեկնեմ ավտովթարի վայր և վարորդներից գոնե մեկը խոստովանի իր մեղքը, ասի, որ խախտել էր երթևեկության կանոնները: Բայց վթարը, որպես կանոն, տեղի է ունենում գոնե կողմերից մեկի երթևեկության կանոնները խախտելու հետևանքով», — ասում է Երևանի առաջին գումարտակի հրամանատարը: Նա առավել խիստ է վերաբերում միտումնավոր խախտումներին, որոնցից է, ասենք` ալկոհոլ օգտագործած ղեկին նստելը. «Ինձնով որ լիներ, ես է՛լ ավելի խիստ ու բարձր տույժեր կնշանակեի նման խախտումների համար»: Արշակյանն ավելացնում է, որ այս տարի Վերջին զանգին Երևանում, ժամը 20:00-ից մինչև 24:00-ը հայտաբերվել է 35 ալկոհոլ օգտագործված վարորդ: 

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով